Արևմտամետ-ռուսամետ քաղաքական կողմնորոշումն արհեստականորեն մտավ մեր օրակարգ: Ավելի շուտ` քաղաքական գործիչները մտցրին, որպեսզի էլ ավելի լղոզեն մեր առանց այն էլ դիմազրկված, միայն ինտրիգներով ու խարդավանքներով գոյատևող քաղաքական դաշտը: Վառ երևակայություն է պետք պատկերացնելու համար, որ իրենց արևմտամետ համարող պաշտոնյաներն ու կուսակցական գործիչները մի օր կզարթնեն և, ասենք, կորոշեն հեծանվով կամ հասարակական տրանսպորտով երթևեկել, գնալ աշխատանքի կամ հարազատ կուսակցության ակտիվի հետ հանդիպման, ճոխ առանձնատների փոխարեն կբնակվեն համեստ երկու-երեքսենյականոց բնակարաններում, չեն շրջանցի օրենքը` հենց հանուն արևմտյան արժեհամակարգի ու մշակույթի: Բայց` չէ: Մերոնք սիրում են տուրք տալ մոդային: Մի ժամանակ խորհրդային միջին վիճակագրական հայն ամեն գնով իր երեխային ռուսական դպրոց էր ուղարկում, որ «բարձր» մշակույթի հաղորդակից դառնա, հետագայում կարողանա մոսկվաներում բարձրագույն կրթություն ստանալ: Հիմա էլ առանձնանալու, տարբերվելու, ինչ-որ կերպ օրիգինալ երևալու, ձեռքի հետ գրանտներ կպցնելու ձևը արևմտամետ ներկայանալն է: Եվ մեր հարգարժան արևմտամետներն այդպես էլ մի օր հարց չեն տալիս` ինչո՞ւ տարիներ շարունակ այդքան գրանտներ ստացող, ծեքծեքուն անվանումներով իրավապաշտպան կազմակերպություններ գրանցվեցին արդարադատության նախարարությունում, բայց մեր քաղաքացիները մնում են անպաշտպան. հատուկենտ անհատ իրավապաշտպաններ են միայն արձագանքում բանտերում, ոստիկանության բաժանմունքներում տեղի ունեցող անմարդկային խոշտանգումներին: Ինչո՞ւ այդքան շատ, ժողովրդավարությունից բարբաջող կազմակերպությունները սեմինարներ են կազմակերպում Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում` իբր իրազեկելու, իբր հանրության իրավագիտակցությունը բարձրացնելու համար, բայց մեր քաղաքացիները մեն-մենակ են մնում դատարաններում` համատարած անարդարություններին դեմ հանդիման։ Ինչո՞ւ է ընտրական գործընթացներում շարունակում դեր խաղալ հինգ կամ տասը հազար դրամը: Արևմտյան մշակույթ, արևմտյան արժեքներ եք ուզում` պայքարեք, ձեր անձնական օրինակով փորձեք այդ մշակույթը տարածել մեր երկրում, շահագրգիռ եղեք, որ օրենքի առաջ հավասար լինեն բոլորը, և ինքներդ էլ մի փորձեք, ձեր ազդեցությունը, ծանոթ-բարեկամ-դրացի անձնական կապերն օգտագործելով, հասնել ինչ-որ բանի: Այդ թվում նաև` քաղաքականության մեջ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ